«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»

«Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են»
09.07.2012 | 20:44

Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում` Եվրոպական մշակութային ընկերության առաջարկով:
«Ինձ խնդրեցին ներկայացնել հայկական պատմությունը, շատ հուզիչ պահ էր: Ես համաձայնեցի ծրագրին մասնակցել` պայմանով, որ ազատ ստեղծագործեմ և կարողանամ Թուրքիայում ֆիլմիս մեջ պարզ և հստակ ներկայացնել «ցեղասպանություն» բառը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էրիկ Նազարյանը:- Այս պատմությունը ծնվել է 2007-ի հունվարի 19-ին, երբ սպանեցին Հրանտ Դինքին: Շրջադարձ էր ինձ համար: Զգացի, որ առաջին անգամ ստեղծելու եմ մի գործ, որի միջոցով սփյուռքահայի հոգեբանությունը կներկայացնեմ ոչ հայ հանդիսատեսին»:
Անցյալ տարի «Պոլիսը» ցուցադրվեց Ստամբուլի կինոփառատոնում: Մեր հարցին` «Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը Թուրքիայում», Էրիկ Նազարյանը պատասխանեց, որ խնդիրներ չեն եղել, ավելին` խոստացել են ֆիլմը ցուցադրել Թուրքիայի տարբեր քաղաքներում:
«Պոլիսը» ցուցադրվել է Սարաևոյում, Դուբայում, Բրազիլիայում, նաև Լոնդոնում` Հրանտ Դինքի հիշատակին, որտեղ հանդիսատեսների 30 տոկոսից ավելին թուրքեր են եղել, 50 տոկոսը` հայ, 10 տոկոսը` եվրոպացի:
«Թուրքիայի հանդուրժողականությունը ֆիլմի նկատմամբ ինչպե՞ս եք բացատրում, այն դեպքում, երբ Եղեռնի թեմայով որոշ ֆիլմեր դժգոհության մեծ ալիք են բարձրացնում: Մանավանդ որ համարձակորեն օգտագործվել է «եղասպանություն բառը,- հարցրինք ռեժիսորին:
«Ես հենց սկզբից իմ պայմաններն առաջարկեցի,-ասաց նա:- Երբ հարցրին` հնարավո՞ր է «ցեղասպանություն» բառը փոխարինել «Մեծ եղեռն»-ով, ասացի, որ Մեծ եղեռնը Շեքսպիրի գործերն են, ինչ եղել է մեզ հետ, բառիս բուն իմաստով, ցեղասպանություն է: Պետք է խոսվի Ցեղասպանության մասին: Երևի ճակատագիր է, որ ես գնում եմ Հայաստանից Լոս Անջելես, Լոս Անջելեսից` Ստամբուլ: Քաղաքականությունն իր գործն անում է, բայց երկրների միջև կապը ստեղծվում է կինոյի, մշակույթի միջոցով: Ինչպես ասում են` եթե ուզում ես համաշխարհային պատմությունը ներկայացնել, քո ժողովրդի պատմությունը ներկայացրու, բայց ո՛չ քո ժողովրդի համար»:
Ամերիկաբնակ ռեժիսորի համոզմամբ` մենք մեծ պոտենցիալ ունենք, բայց ցեղասպանության հարցում մեր սխալն այն է, որ մենք մեզ ենք քարոզում: «Պետք է փոխել մոտեցումը,- ասաց նա:- Այսօրվա գլոբալ աշխարհում ապրող հայ երիտասարդը պետք է այնպիսի թեմաներ բարձրացնի, որ հետաքրքիր լինեն նաև օտարերկրացուն»:
Էրիկ Նազարյանը տեղեկացրեց նաև, որ մոտակա տարիներին նպատակ ունի մեծամասշտաբ ֆիլմ նկարելու ցեղասպանության մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ